Պատվիրել ապրանք

Պարտադիր դաշտ

Պարտադիր դաշտ

Հեռախոսահամարը սխալ է

Պարտադիր դաշտ

Պարտադիր դաշտ

Հետզանգի պատվեր

Խնդրում ենք մուտքագրել Ձեր հեռախոսահամարը և մեր մասնագետները հնարավորինս արագ կապ կհաստատեն Ձեզ հետ:

Պարտադիր դաշտ

Պարտադիր դաշտ

Հեռախոսահամարը սխալ է

Ապրանքների, սարքերի (սարքավորումների) և թվային տարր պարունակող ապրանքների վաճառքի ընդհանուր դրույթներ և պայմաններ

1. Առարկա

  • 1.1. Սույն Պայմանները սահմանում են «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ «Viva») կողմից սպառողներին վաճառվող սարքերի (սարքավորումների) և թվային տարր պարունակող ապրանքների (այսուհետ՝ Ապրանք կամ Սարք) վաճառքի ընդհանուր դրույթներն ու պայմանները (այսուհետ՝ «Պայմաններ»), ինչպես նաև սպառողների իրավունքները՝ համաձայն ՀՀ օրենսդրության։
  • 1.2. Սույն Պայմանները չեն տարածվում Viva-ի կողմից որպես էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող իրավաբանական անձ բացառապես էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման միջոց ծառայող իր կողմից տրամադրված սարքերի վրա (ռաուտերներ, Wi-Fi սարքեր և այլն)։
  • 1.3. Սույն Պայմանները տարածվում են Viva-ի կողմից Վաճառքի և սպասարկման կենտրոն(ներ)ում կամ Viva-ի կայքում հրապարակված առցանց խանութում՝ վաճառվող սարքերի վաճառքի հետ կապված իրավահարաբերությունների վրա։

2. Սահմանումներ

  • 2.1. Վաճառքի և սպասարկման կենտրոն(ներ)՝ Viva-ի կողմից առաջարկվող Ծառայությունների և Սարքավորումների վաճառքի և Բաժանորդների սպասարկման համար մասնագիտացված կենտրոն(ներ) կամ խանութներ:
  • 2.2. Սպառող՝ ֆիզիկական անձ, որը հանդես է գալիս և գործում է իր առևտրային գործունեության, գործարարության, արհեստի կամ մասնագիտական գործունեության շրջանակներից դուրս։
  • 2.3. Արտադրող` իրացման համար ապրանքներ արտադրող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ։
  • 2.4. Ապրանքի (աշխատանքի, ծառայության) թերություն` ապրանքի (աշխատանքի, ծառայության) անհամապատասխանությունը նորմատիվ փաստաթղթերին, ՀՀ օրենսդրության պահանջներին, պայմանագրի պայմաններին կամ ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակին սովորաբար ներկայացվող պահանջներին։
  • 2.5. Ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակի էական խախտում` ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակին առաջադրվող պահանջների էական խախտումներ (չվերացվող, ինչպես նաև այնպիսի խախտումներ, որոնք չեն կարող վերացվել առանց անհամաչափ ծախսերի կամ ժամանակի կորստի, կամ այնպիսիք, որոնք բազմիցս կամ կրկին ի հայտ են գալիս դրանք վերացնելուց հետո, և նման բնույթի այլ խախտումներ), որոնց դեպքում Սպառողն իրավունք ունի իր ընտրությամբ հրաժարվելու պայմանագիրը կատարելուց և պահանջելու վերադարձնել ապրանքի (աշխատանքի, ծառայության) համար վճարված գումարը կամ պահանջելու ոչ պատշաճ որակի ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) փոխարինել պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով (աշխատանքով, ծառայությամբ)։
  • 2.6. Երաշխիքային ժամկետ` ժամանակահատված, որի ընթացքում ապրանքի (աշխատանքի) թերության հայտնաբերման դեպքում արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է բավարարել Օրենքով սահմանված սպառողի պահանջները։
  • 2.7. Թվային տարր պարունակող ապրանք՝ ապրանք, որը ներկառուցված կամ փոխկապակցված է թվային բովանդակության կամ թվային ծառայության հետ այնպես, որ տվյալ թվային բովանդակության կամ թվային ծառայության բացակայությունը կհանգեցնի տվյալ ապրանքից պահանջվող գործառույթների իրականացման անհնարինության։
  • 2.8. Հեռակա պայմանագիր՝ յուրաքանչյուր պայմանագիր, որը կնքվում է Վաճառողի և սպառողի միջև կազմակերպված հեռավար վաճառքի կամ ծառայությունների մատուցման սխեմայի շրջանակում՝ առանց վաճառողի և սպառողի միաժամանակյա ֆիզիկական ներկայության՝ հեռավար հաղորդակցության մեկ կամ մի քանի միջոցների օգտագործմամբ, մինչև պայմանագրի կնքման պահը ներառյալ:
  • 2.9. Ձեռնարկության շենքից դուրս կնքված պայմանագիր՝ վաճառողի և սպառողի միջև կնքված պայմանագիր, որը՝
    • ա. կնքվել է վաճառողի և սպառողի միաժամանակյա ֆիզիկական ներկայությամբ վաճառողի ձեռնարկության շենք չհանդիսացող վայրում,
    • բ. կնքվել է սպառողի կողմից վաճառողի ձեռնարկության շենք չհանդիսացող վայրում ներկայացված առաջարկության հիման վրա,
    • գ. կնքվել է վաճառողի ձեռնարկության շենքում կամ հեռակա հաղորդակցության ցանկացած միջոցով՝ վաճառողի ձեռնարկության շենք չհանդիսացող վայրում սպառողին անձամբ և անհատապես դիմելուց անմիջապես հետո՝ վաճառողի և սպառողի միաժամանակյա ֆիզիկական ներկայությամբ,
    • դ. կնքվել է վաճառողի կողմից ապրանքները կամ ծառայությունները գովազդելու և սպառողին վաճառելու նպատակով կազմակերպված շրջայցի ընթացքում:
  • 2.10. Ձեռնարկության շենք՝ ցանկացած անշարժ արտադրական, առևտրային կամ սպասարկման տարածք, որտեղ վաճառողը մշտապես իրականացնում է իր գործունեությունը, կամ ցանկացած շարժական արտադրական, առևտրային կամ սպասարկման տարածք, որտեղ վաճառողը պարբերաբար իրականացնում է իր գործունեությունը.
  • 2.11. Կայուն կրիչ՝ ցանկացած միջոց, որը հնարավորություն է տալիս սպառողին կամ վաճառողին պահպանել իրեն հասցեագրված տեղեկատվությունն այնպես, որ այն հասանելի լինի հետագայում դրան հղում կատարելու համար՝ որոշակի ժամանակահատվածի ընթացքում տեղեկատվության օգտագործման նպատակով, և որը թույլ է տալիս պահպանված տեղեկատվության անփոփոխ վերարտադրությունը:

3. Ապրանքների որակը և համապատասխանությունը

  • 3.1. Viva-ն պարտավոր է Սպառողին հանձնել այնպիսի սարք, որի որակը համապատասխանում է Սարքի վրա կամ Սարքի հետ արտադրողի կողմից տրամադրված կամ Վիվայի կողմից հրապարակված պայմաններին։
  • 3.2. Viva-ն պարտավոր է սպառողին հանձնել այնպիսի սարք, որը պիտանի է այն նպատակներին, որոնց համար նման սարքը սովորաբար օգտագործվում է:
  • 3.3. Եթե ապրանքի, սարքի (սարքավորման) (աշխատանքի, ծառայության) որակի նկատմամբ նորմատիվ փաստաթղթերով սահմանված են պարտադիր պահանջներ, ապա Օպերատորը պարտավոր է սպառողին հանձնել այդ պարտադիր պահանջներին համապատասխանող ապրանք, սարք (սարքավորում) (կատարել աշխատանք, մատուցել ծառայություն):
  • 3.7. Կնքված առք ու վաճառքի պայմանագրին համապատասխան՝ Viva-ի կողմից սպառողին հանձնվող ապրանքը, սարքը (սարքավորումը) պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին, հաշվի առնելով օրենքով նախատեսված բացառությունները։
  • 3.8. Ապրանքի անհամապատասխանություն առկա չէ այն դեպքերում, երբ առք ու վաճառքի պայմանագրի կնքման պահին Սպառողը գրավոր տեղեկացվել է այն մասին, որ ապրանքների որոշակի հատկանիշ շեղվում է ապրանքի՝ օրենքով նախատեսված համապատասխանության պահանջներից, և Սպառողը ընդունել է այդ շեղումը առք ու վաճառքի պայմանագիրը կնքելիս:

4. Թվային տարրերով ապրանքների առանձնահատկությունները

  • 4.1. Viva-ն թվային տարրերով ապրանքների վաճառքի դեպքում պարտավոր է ապահովել, որ սպառողը տեղեկացված լինի և հնարավորություն ունենա ստանալու անհրաժեշտ թարմացումները, այդ թվում՝ անվտանգության թարմացումները և դրանց նշանակության վերաբերյալ տեղեկատվությունը, որոնք անհրաժեշտ են ապրանքի համապատասխանության պահպանման համար Օրենքով սահմանված ժամանակահատվածի ընթացքում։
  • 4.2. Եթե սպառողը ողջամիտ ժամկետում չի տեղադրում Վիվայի (արտադրողի) տրամադրած թարմացումները, Վիվան (արտադրողը) պատասխանատվություն չի կրում անհամապատասխանության համար, որը բացառապես տվյալ թարմացման բացակայության հետևանք է:
  • 4.3. Թվային տարր պարունակող ապրանքների ֆունկցիոնալության վերաբերյալ տեղեկությունը նախատեսվում է Արտադրողի կողմից տրամադրված ուղեցույցների/շահագործման ուղեցույցների, հրահանգների շրջանակում, որոնց բովանդակության համար Viva-ն պատասխանատվություն չի կրում։ Viva-ն մատչելի եղանակով այդ տեղեկությունը հասանելի է դարձնում Սպառողին։

5. Երաշխիքային ժամկետները և ապացուցման բեռը

  • 5.1. Viva-ն Օրենքի համաձայն սահմանում է իր հետ կնքվող առք ու վաճառքի պայմանագրերով նախատեսված ապրանքների, սարքերի (սարքավորումների) այդ թվում՝ թվային բովանդակությամբ ապրանքների համար առնվազն երկու տարվա երաշխիքային ժամկետ:
  • 5.2. Երաշխիքային ժամկետը սահմանվում է այն ապրանքների նկատմամբ, որոնց՝ Վաճառողից ձեռքբերման փաստը հնարավոր է նույնականացնել, և Սպառողը ներկայացնում է ապրանքի ձեռքբերումը հավաստող ապրանքային կամ դրամարկղային չեկ։
  • 5.3. Եթե թվային բովանդակությամբ ապրանքների ձեռքբերման վերաբերյալ առք ու վաճառքի պայմանագիրը նախատեսում է շարունակական մատակարարում ավելի քան երկու տարով, Viva-ն պատասխանատու է յուրաքանչյուր անհամապատասխանության համար առք ու վաճառքի պայմանագրով նախատեսված մատակարարման ժամանակահատվածում:
  • 5.4. Viva-ի սահմանած երաշխիքային ժամկետի ընթացքում ապրանքի, սարքի (սարքավորման) թերության հայտնաբերման դեպքում Սպառողն իրավունք ունի Viva-ին ներկայացնել պահանջներ, որոնց բավարարման կարգն ու ժամկետները, ինչպես նաև Viva-ի պատասխատվությունը սահմանվում են կողմերի միջև կնքված պայմանագրով:
  • 5.5. Viva-ն օգտագործված ապրանքի, սարքի (սարքավորման) համար իրավունք ունի սահմանելու առավել կարճ երաշխիքային ժամկետ, որը սակայն չի կարող պակաս լինել, քան մեկ տարին սույն փաստաթղթի 5.1 կետի պահանջների պահպանմամբ։
  • 5.6. Viva-ն պարտավոր է ապահովել ապրանքի (աշխատանքի), սարքի (սարքավորման) անվտանգությունը սահմանված ծառայության ժամկետի կամ ապրանքի (աշխատանքի) պիտանիության ժամկետի ընթացքում:
  • 5.7. Viva-ի կողմից սպառողների կյանքի, առողջության և գույքի համար վտանգ ներկայացնող ապրանքների, սարքերի (սարքավորումների) իրացման (աշխատանքի կատարման) համար Viva-ն պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) մասին տեղեկատվությունը

  • 6.1. Viva-ն պարտավոր է Սպառողին տրամադրել ապրանքների, սարքերի (սարքավորումների) (աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ անհրաժեշտ և ստույգ տեղեկատվություն, որն ապահովում է դրանց ճիշտ ընտրության հնարավորությունը՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները:
  • 6.2. Viva-ի խանութներում և առցանց խանութներում, այդ թվում՝ կայքում բոլոր Սպառողներին հնարավորություն է ընձեռնված ծանոթանալու սույն Պայմաններին։ Սույն Պայմանների հրապարակմամբ կամ սույն Պայմաններին ծանոթանալու հնարավորության ապահովմամբ որևէ Սպառող չի կարող վկայակոչել, որ Viva-ի աշխատակիցները կամ Viva-ի անունից հանդես եկող անձը չի ներկայացրել Օրենքի համաձայն Սպառողին ներկայացման ենթակա տեղեկատվությունը։

7. Սպառողների իրավունքների խախտման համար Viva-ի պատասխանատվությունը

  • 7.1. Սպառողների իրավունքների խախտման համար Viva-ն կրում է օրենքով և (կամ) պայմանագրով նախատեսված պատասխանատվություն:
  • 7.2. Viva-ի կողմից Սպառողին պատճառված վնասները ենթակա են հատուցման լրիվ չափով` չհաշված Օրենքով կամ պայմանագրով սահմանված տուժանքը (տուգանքը):
  • 7.3. Viva-ի կողմից ենթակա է հատուցման աշխատանքի կամ ծառայության թերությունների հետևանքով պատճառված վնասը:
  • 7.4. Viva-ն (արտադրողը, կատարողը) ազատվում է պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից, եթե ապացուցի, որ պարտավորությունների կատարումը կամ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի կամ սպառողի կողմից ապրանքի (աշխատանքի, ծառայության) օգտագործման, պահման և փոխադրման սահմանված կանոնների խախտման կամ երրորդ անձանց գործողությունների հետևանքով:

8. Սպառողի իրավունքների պաշտպանությունը նրան ապրանքներ վաճառելու ժամանակ

  • 8.1. Viva-ն պարտավոր է Սպառողին հանձնել ապրանքային չեկ կամ գնման փաստը հավաստող այլ փաստաթուղթ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
  • 8.2. Viva-ն պարտավոր է Սպառողից ընդունել ոչ պատշաճ որակի ապրանքը, իսկ անհրաժեշտության դեպքում կատարել ապրանքի որակի ստուգում, որին Սպառողը իրավունք ունի մասնակցել:
  • 8.3. Ապրանքի թերությունների առաջացման պատճառների վերաբերյալ վեճի դեպքում Viva-ն պարտավոր է ապրանքի փորձաքննությունը կատարել իր հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներում:
  • 8.4. Viva-ն պարտավոր է բավարարել Սպառողի պահանջները, եթե չապացուցի, որ ապրանքի թերություններն առաջացել են այն Սպառողին հանձնելուց հետո նրա կողմից ապրանքի օգտագործման, պահման կամ փոխադրման սահմանված կանոնները խախտելու, երրորդ անձի գործողությունների կամ անհաղթահարելի ուժի հետևանքով:
  • 8.5. Ապրանքի նորոգման, գնի իջեցման, փոխարինման համար մեծածավալ ապրանքի և հինգ կիլոգրամից ավելի քաշով ապրանքի տեղ հասցնելը և դրանք սպառողին վերադարձնելն իրականացվում են Viva-ի ուժերով և հաշվին:
  • 8.6. Ապրանքի թերությունների վերաբերյալ Սպառողի պահանջների Օրենքի խախտմամբ պահանջ ներկայացվելու դեպքում Viva-ն պարտավոր է Սպառողին անհապաղ գրավոր պարզաբանել ապրանքի անհամապատասխանության հայտնաբերման դեպքում պահանջների ներկայացման կարգը:
  • 8.7. Viva-ն կրում է Սպառողին ապրանքի, սարքի (սարքավորման) այդ թվում՝ թվային տարր պարունակող ապրանքի առաքման պահից մեկ տարվա ընթացքում ապրանքի ցանկացած անհամապատասխանություն հայտնի դառնալու պարագայում ապրանքի անհամապատասխանության առաջացման պատճառների ապացուցման պարտականությունը:
  • 8.8. Viva-ն պետք է վերացնի ապրանքում հայտնաբերված թերությունները առանց լրացուցիչ վճարման պայմանի` ապրանքի թերությունների վերացման վերաբերյալ սպառողի պահանջների ներկայացման օրվանից քսան օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ողջամիտ ժամկետում և առանց Սպառողին որևէ զգալի անհարմարություն պատճառելու՝ հաշվի առնելով ապրանքի բնույթը և այն նպատակը, որի համար Սպառողը պահանջել է այն:
  • 8.9. Viva-ն պարտավոր է երկարատև օգտագործման ապրանքների նկատմամբ Սպառողի կողմից նշված պահանջները ներկայացնելուց հետո` նորոգման ընթացքում, յոթնօրյա ժամկետում Սպառողին անհատույց տրամադրել նմանօրինակ ապրանք` ապահովելով իր հաշվին տեղ հասցնելը: Երկարատև օգտագործման այն ապրանքների անվանացանկը, որոնց վրա նշված պահանջը չի տարածվում, հաստատում է Կառավարությունը:
  • 8.10. Viva-ն Սպառողի կողմից ապրանքի թերությունների հայտնաբերման և այդպիսի ապրանքի փոխարինման պահանջ իրեն ներկայացվելու դեպքում առանց լրացուցիչ վճարման պայմանի պարտավոր է փոխարինել այդպիսի ապրանքը նշված պահանջի ներկայացման օրից` յոթնօրյա ժամկետում, իսկ Viva-ի կողմից այդպիսի ապրանքի որակի լրացուցիչ ստուգման անհրաժեշտության դեպքում` նշված պահանջի ներկայացման օրից` քսան օրվա ընթացքում:
  • 8.11. Ոչ պատշաճ որակի ապրանքը Viva-ն պետք է փոխարինի նոր ապրանքով, այսինքն` չօգտագործված ապրանքով: Ապրանքի փոխարինման դեպքում Viva-ն երաշխիքային ժամկետը հաշվարկում է նորից` ապրանքն Սպառողին հանձնելու օրից սկսած:
  • 8.12. Առևտրային երաշխիքով հանձնված ապրանքի համար Viva-ն առևտրային երաշխիքի ողջ ժամանակահատվածում ուղղակիորեն պատասխանատու է Սպառողի առջև ապրանքների վերանորոգման կամ փոխարինման համար:
  • 8.13. Ոչ պատշաճ որակի ապրանքը նմանօրինակ մակնիշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինելիս Viva-ն չի պահանջում հատուցել պայմանագրով նախատեսված ապրանքի գինը կամ չի պահանջում ապրանքը փոխարինել կամ չի պահանջում դրա մասին դատարանի վճիռը կայացնելու պահին գոյություն ունեցող գնի տարբերությունը:
  • 8.14. Viva-ն պատշաճ որակի ապրանքը փոխարինում կամ վերադարձնում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկանիշները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը կամ այլ հաշվարկային փաստաթուղթ, և առկա են ապրանքը հենց Viva-ից ձեռք բերելու մասին ապացույցներ:
  • 8.15. Սարքը (Սարքավորումը) ենթակա է վերադարձման Viva-ի Վաճառքի և սպասարկման կենտրոն Սպառողի կողմից՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ տարբերակով է Սպառողը Սարքը (Սարքավորումը) ձեռք բերել։

9. Սպառողի իրավունքների պաշտպանությունը հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի դեպքում

  • 9.1. Հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի դեպքում Viva-ն առավելագույն դյուրին եղանակով մինչև պայմանագրի կնքումը, Սպառողին է տրամադրում էլեկտրոնային ձևով լրացվող հաղորդագրության հետ կապակցված տվյալների օգտագործման կարգը, որոնց ամբողջությունը համարվում է ձեռագիր ստորագրությանը համարժեք և հնարավորություն է ընձեռում նույնականացնելու էլեկտրոնային ձևով ստորագրող անձին ու արտահայտում է վերջինիս կամքը:
  • 9.2. Հեռակա պայմանագրերի դեպքում Viva-ն Կայուն կրիչի վրա հնարավորինս պարզ և ընթեռնելի ձևով Սպառողին է ներկայացնում Օրենքով սահմանված տեղեկությունները կամ այդ տեղեկությունները հասանելի է դարձնում Սպառողին հեռակա հաղորդակցության միջոցներին համապատասխան եղանակով:
  • 9.3. Բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի, Սպառողն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության հրաժարվելու հեռակա կամ ձեռնարկության շենքից դուրս կնքված պայմանագրերից 14 օրվա ընթացքում, որը հաշվարկվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ Սարքը (Սարքավորումը) տրամադրվել է Viva-ի կողմից (բաժանորդ մնալու պարտավորությամբ կամ առանց նման պարտավորության) Viva-ի ցանցով մատուցվող Ծառայությունները Սպառողին հասանելի դարձնելու համար։
  • 9.4. Viva-ն պարտավոր չէ փոխհատուցել լրացուցիչ ծախսերը, եթե Սպառողն ընտրել է Վաճառողի կողմից առաջարկվող՝ ստանդարտ առաքման տեսակից տարբերվող առաքման այլ տեսակ:
  • 9.5. Այն դեպքում, երբ Viva-ն չի առաջարկում անձամբ ընդունել վերադարձվող ապրանքը, Սպառողը պարտավորվում է ապրանքը վերադարձնել կամ այն հանձնել Վաճառողին պայմանագրից հրաժարվելու մասին ծանուցումն ուղարկելու օրվանից հաշված 14 օրվա ընթացքում։
  • 9.6. Եթե կողմերի միջև կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, ապա պայմանագրից հրաժարվելու դեպքում Սպառողը պարտավոր է վճարել միայն փաստացի ստացած ծառայությունների համար:

10. Եզրափակիչ դրույթներ

  • 10.1. Ապրանքների, սարքերի (սարքավորումների) և թվային տարր պարունակող ապրանքների վաճառքի ու երաշխիքային սպասարկման հետ կապված ցանկացած հարց առաջանալու դեպքում սպառողները կարող են զանգահարել Viva-ի 093 298 700 հեռախոսահամարին, գրել էլեկտրոնային նամակ (դիմում, բողոք, առաջարկ) 111@viva.am հասցեով կամ այցելել Viva-ի վաճառքի և սպասարկման կենտրոն(-ներ)։ Գլխամասային գրասենյակը գտնվում է ՀՀ, ք․ Երևան, 0015, Արգիշտի փողոց 4/1 հասցեում։
  • 10.2. Ապրանքների և սարքերի վճարման պայմանները հետևյալն են՝
    • - Կանխիկ՝ ՀՀ օրենսդրությամբ թույլատրելի չափով և պայմաններով,
    • - Անկանխիկ՝ ՀՀ օրենսդրությամբ և գործարար շրջանառության սովորույթներով ընդունելի ցանկացած կարգով և պայմաններով, այդ թվում՝ QR կոդի միջոցով,
    • - Բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպության կողմից ապրանքի ֆինանսավորման եղանակով վճարում (ապառիկի ձևակերպում, վարկային միջոցներով ապրանքի ձեռքբերում և այլն),
  • 10.3. Ապրանքների առաքումն անվճար է:
  • 10.4. Ապրանքի կամ սարքավորման պայմանագրից ձեռք բերողը կարող է հրաժարվել Օրենքով և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում։
  • 10.5. Ապրանքների և սարքավորումների հիմնական բնութագրերը նշված են տվյալ ապրանքի կամ սարքավորման հետ ուղեկցող փաստաթղթերով, որից գնորդը նախապես ծանոթանում է տեղում, իսկ եթե ապրանքը վաճառվում է առցանց՝ տվյալ ապրանքի նկարագրության էջում։
  • 10.6. Կողմերը համաձայնում են, որ Պայմանագրից բխող կամ Պայմանագրի հետ կապված ցանկացած վեճ Viva-ի կողմից կարող է հանձնվել նաև արբիտրաժի լուծմանը ստորև նշված որևէ արբիտրաժային հաստատություն՝
    • - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին կից մշտապես գործող Արբիտրաժային հաստատություն,
    • - «Դիջիթալ արբիտրաժային կենտրոն» ՍՊԸ,
    • - «Արբիտրաժ» ՍՊԸ-ին կից մշտապես գործող Արբիտրաժային դատարան:

    Արբիտրաժը, այդ թվում՝ արբիտրաժի ընթացքում ցանկացած հաղորդակցություն և/կամ ծանուցում, իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքների և դիմելու պահին համապատասխան արբիտրաժային հաստատության կողմից սահմանված կանոնների (այսուհետ՝ «Արբիտրաժային կանոններ») համաձայն: Արբիտրաժի անցկացման վայրը Երևանն է։ Արբիտրաժի լեզուն հայերենն է։ Արբիտրաժային տրիբունալը կազմվում է մեկ արբիտրից, ով նշանակվում է Արբիտրաժային կանոնների համաձայն։ Արբիտրաժն իրականացվում է գրավոր ընթացակարգով՝ բացառելով բանավոր լսումները, եթե արբիտրաժային տրիբունալը չորոշի այլ կերպ: Արբիտրաժային տրիբունալի կողմից վեճը լուծվում է ՀՀ նյութական իրավունքի նորմերին համապատասխան: Հակընդդեմ և փոխկապակցված պահանջները քննվում են նույն արբիտրաժային տրիբունալի կողմից, որը քննում է սկզբնական հայցը: Արբիտրաժային տրիբունալի վճիռը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

  • 10.7. Սույն Պայմանները հանդիսանում են սպառողի հետ կնքվող պայմանագրի անբաժանելի մաս։ Միաժամանակ, հստակության համար սահմանվում է, որ միայն ՀԴՄ կամ վճարումը հավաստող փաստաթղթի տրամադրումը, երաշխիքային կտրոնի հետ (առկայության դեպքում) հանդիսանում է Օրենքի իմաստով ապրանքների կամ սարքավորումների առուվաճառքի կամ մատակարարման կամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այլ տիպի պայմանագրի կնքում և չի կազմվում կողմերի երկկողմանի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով համապատասխան պայմանագիր։

11. Օպերատորի վավերատարրերը

«Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0015, Արգիշտի 4/1
ՀՎՀՀ: 01551651, Հ/հ: 1930004268280100 «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում
Վեբ-կայք` www.viva.am
Էլ. հասցե՝ info@viva.am, 111@viva.am

Բաժանորդագրվիր
Մնացեք տեղեկացված վերջին առաջարկների և նոր տեսականիների մասին: